2016-12-15 10:38:00

Երկօրեայ հոգևոր կրթութիւն`ի պատրաստութիւն Սբ. Ծննդեան խորհրդի


2016թ. Դեկտեմբերի 13-14-ը Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան կենտրոնում տեղի ունեցաւ երկօրեայ հոգևոր կրթութիւն` Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների և Արհ.Տ.Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի մասնակցութեամբ։ Բանախօսում էր թեմի առաջնորդական փոխանորդ Գերյ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահեանը։

Հոգևոր խորհրդածութիւնները կենտրոնացան հետևեալ կէտերի շուրջ.

Ի՞նչ է քահանայական կոչումը,

Ինչո՞ւ ենք իւրաքանչիւրս կոչուած Տիրոջից`քահանայագործութեան,

Ո՞րն է քահանայագործութեան նպատակը,

Սրբութիւն և սրբութեան տանող ճանապարհը քահանայի կեանքում,

Աղօթքի իսկութիւնը, կեանքը վերածել աղօթքի`ի նմանութիւն Քրիստոսի,

Տէր Յիսուս Քրիստոսին հետևելը պահանջում է հերոսութիւն, հրաժարում սեփական աշխարհական կապուածութիւններից, ինչքերից, կարծրացած պատկերացումների` ճնշելով սեփական կամքը` յանուն աստուածային կամքի լիակատար իրագործման,

Հարկ է գտնուել մնայուն հրահանգման, հոգևոր կարգուկանոնի մէջ։

Երկրորդ օրը Հ. Մեսրոպ Սուլահեանը մի քանի առաջարկներ արեց` սուրբ խորհուրդների կատարման վերաբերեալ։ Կարևորուեց խորհրդակատարութեան միաձևութեան պահպանումը բոլոր համայնքներում։

Խօսուեց նաև հովուական ծառայութեան ներկայ կոնկրետ մարտահրաւէրների, խնդիրների և ձեռքբերումների մասին։ Քահանաները յայտնեցին իրենց միասնական պատրաստակամութիւնը օգնելու թեմի առաջնորդին` լուծելու ընդհանուր խնդիրները։

Խորհրդածութիւններն ու զրոյցները սկսւում էին միասնական Սբ. Պատարագով և աւարտւում երեկոյեան ժամերգութեամբ








All the contents on this site are copyrighted ©.